Բոլոր իշխանությունները «երջանիկ» են նույնակերպ, ընդդիմությունները «դժբախտ» են յուրովի:
Ի՞նչ արձանագրեց ներքաղաքական կյանքն անցնող տարում: Առանձնապես ոչ մի բան: Չնայած այն հանգամանքին, որ հանգուցալուծվեց «ընդդիմությանն» արդեն վեց տարի տանջող ցավը. ի վերջո տեղի ունեցավ վարչապետափոխություն, և իշխանությունների, ավելի ճշգրիտ, իշխանության որոշակի թևի և խորհրդարանական մի քանի ուժերի պայքարի արդյունքում կառավարությունն սկսեց ղեկավարել բոլորովին այլ վարչապետ` փիլիսոփայության, քաղաքական որդեգրումների, բազմավիտրաժ խաղերի, միջազգային և ներքին հարթակներում իր պատկերացումների, մի խոսքով, բոլոր առումներով: Նրան նշանակելիս ասվեց.
-Ընդունելի լինի:
Անհայտ է, շախմատից չափազանց հասկացող Սերժ Սարգսյանը սա ասել էր նշանային համակարգից օգտվելո՞վ, թե՞ ակամա էր ստացվել, փաստն առկա էր. և Հովիկ Աբրահամյանը, որպես «մատաղացու», «ընդունելի» եղավ իրական, էներգետիկ տեսանկյունից, քանզի ստիպված էր պատասխան տալ ոչ միայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գահավիժող տնտեսության համար (տնտեսությունը բարձրացնելով կամ, այո, մատաղացու դառնալով)։
Կամ անցնելով ներքաղաքական զարգացման երրորդ տարբերակին` թավշյա իշխանափոխությանը, որով ներքաղաքական դաշտը հնարավոր կլինի փոխել հիմնովին` նոր խաղի սկիզբ նախանշելով: Ասել է թե` «փրկել» Աբրահամյանին «մատից», այն է` «մատաղացումից»:
Բայց եթե տարվա սկիզբն այդ առումով խոստումնալից էր, և Տիգրան Սարգսյանն իրերը հավաքեց, «Բավ սիրեցի, մնաք բարյավ» ասելով` հատեց օվկիանոսը, ներքաղաքական հաջորդ սերիալը նույն ուժերի համար տարվա ավարտին գրանցեց խոր ֆիասկո: Նրանք չկարողացան պլան «բ»-ն` ոստիկանապետի տարհանում, պաշտպանության նախարարի թուլացում, իրականացնել:
Այսպես ավարտվեց պատմության գիրկը գլորվող 2014-ը:
Ի՞նչ է սպասվում 2015-ին: Այն կլինի առավել քան բուռն: Հենց միայն այն պատճառով, որ աշխարհաքաղաքական խաղը նույնպես տենդի մեջ հայտնված կլինի: Դրան կգումարվի արդեն հայաստանյան տրենդը` «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ: Ինտրիգը մեկն է: Հայաստանը 2015-ին կդառնա՞ խորհրդարանական կառավարման գնացող երկիր, թե՞ վերը նշված ուժերին, որոնք տարեվերջին ֆիասկո գրանցեցին, կհաջողվի այնքան ու այնպես «վախեցնել» հայաստանյան Իշխողին, որ վերջինս հրաժարվի խորհրդարանական երկիր կառուցելուց:
Եվ որքան էլ մարգարեն սիրված չէ քաղաքում, «մարգարեանանք» 2015-ի համար արձանագրմամբ. դանդաղ, դժվարությամբ, հետ-առաջ տեխնոլոգիայով, որոշ` ինչ-ինչ զիջումների գնով սահմանադրական փոփոխությունները մեզանում կամրագրեն` Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում խորհրդարանական կառավարման:
Պատճառն անչափ տրիվիալ է: Ո՜չ. Ծառուկյան Գագոն եթե անգամ ողջ ժողովրդին գումարի դիմաց` հանուն Հովիկ Աբրահամյանի, Քոչարյանի, բայց նախ և առաջ հանուն իր` Ազատության հրապարակ բերի մեկ առ մեկ` դրսի նրանց ազգականներով ներառյալ, եթե ինքը, Հովիկը, Քոչարյանը իրենց ողջ կարողությունը (ինչը կկազմի տրիլիոններ) ներդնեն այդ գործի մեջ…
Իզո՜ւր է, «գործը» գլուխ չի գա: Ինչո՞ւ։ Անչափ տրիվիալ պատճառով:
Ռուսաստանը չի՛ ցանկանա:
Այ այս մասին` հաջորդ դասին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ